ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Չպետք է թույլ տալ գների բարձրացում

Չպետք է թույլ տալ գների բարձրացում
13.05.2016 | 00:38

Մեր աղբյուրի փոխանցմամբ, էկոնոմիկայի նախարարությունը լայնածավալ ուսումնասիրություն է իրականացնում թուրքական ապրանքների ներմուծումից հրաժարվելու տարբերակների ուղղությամբ:
Այսինքն, կարելի է ասել, որ ժողովրդական ակցիան ընդդեմ թուրքական ապրանքների տալիս է իր պտուղները: Ինչպիսի՞ն կլինեն նախարարության ուսումնասիրության արդյունքները՝ չկանխատեսենք, ուղղակի մինչ էկոնոմիկայի նախարարությունն իր ծանրակշիռ պաշտոնական խոսքը կասի այս առումով, փորձագետները հավաստում են. «Այո, թուրքական ապրանքներից կարելի է հեշտությամբ հրաժարվել՝ առանց միջազգային դրույթների խախտման»:
Ինչ խոսք, եթե պետությունը գործնական քայլեր իրականացնի ներդրումային և հարկային դաշտի բարելավման և բեռի թեթևացման ուղղությամբ, ապա, այո, այն ապրանքները, որոնք ներմուծվում են Թուրքիայից, հատկապես գյուղատնտեսական նշանակության և, ինչու ոչ, նաև տրիկոտաժի արտադրության, հեշտությամբ հնարավոր կլինի փոխարինել տեղական արտադրանքով՝ զարգացնելով Հայաստանի տնտեսությունը:
Սա կարևորագույն հարց է, բայց կա մեկ այլ ոչ պակաս կարևոր հարց, որը դեռևս չի շոշափվել այս համատեքստում՝ գները: Գաղտնիք չէ, որ այսօր անգամ մեր տեղական արտադրության շատ նույնանման ապրանքներ ավելի թանկ են, ի տարբերություն թուրքականի: Այս գործոնը, ինչ խոսք, մեծացնում է թուրքական ապրանքների գնողունակությունը: Սա խիստ կարևոր խնդիր է: Գնագոյացումը լրջագույն հարցերից մեկն է, ինչն առնչվում է սոցիալական ոլորտի հետ ևս: Գաղտնիք չէ, որ սովորաբար գործարարները օգտվում են շուկայում այս կամ այն ապրանքի բացակայությունից և դրանից ելնելով՝ խելքից դուրս գներ սահմանում իրենց արտադրանքի վրա: Այդ չգրված օրենքից չի խորշում նաև հայ գործարարը: Սա փաստ է, և եթե մեր քաղաքացիները, անգամ սոցիալապես անապահովները, համաձայն են հրաժարվելու թուրքական ապրանքներից, հայրենասիրությունից ելնելով ¥չնայած թուրքական ապրանքների գների մատչելիությանը¤, ապա գործարար աշխարհում արժեքներն այլ են: Այո, տնտեսական դաշտում արժեքը եկամուտն է, սա ևս փաստ է, այս դաշտում չափորոշիչները տարբերվում են, ինչը ևս բնական է:
Այս ամենի հետ հաշվի նստելով է, որ առանձնակի կարևորում ենք թուրքական ապրանքներից հրաժարվելու դեպքում տեղական արտադրանքի գների հնարավոր բարձիթողի վիճակի կարգավորումը: Ճիշտ է, ազատ շուկայական տնտեսությանը դեմ է գների կարգավորում ասվածը, սակայն չմոռանանք, որ ամեն մի քաղաքականություն առաջին հերթին պետք է բխի պետության և ժողովրդի շահերից: Եթե տեղական ապրանքների գների կարգավորման հարցը զուգահեռաբար չուսումնասիրվի, ապա մի քանի ամիս հետո ժողովուրդն իր հայրենասիրության ձեռքը կրակը կընկնի, և, չի բացառվում, որ կրկին շուկայում փնտրի թուրքական ապրանքներ:
Ինչ խոսք, գնագոյացման հարցում հարկային քաղաքականությունը կարևորներից մեկն է, չհաշված վառելիքի գինը: Սա նշանակում է, որ էկոնոմիկայի նախարարությունը, ուսումնասիրելով թուրքական ապրանքներից հրաժարվելու խնդիրը, միաժամանակ պետք է ծանրութեթև անի նաև այս հարցերը: Եթե հաջողվի համալիր մոտեցում ցուցաբերել խնդրին, ապա կարող ենք ասել, որ, այո, թուրքական ապրանքներից հրաժարվելու դեպքում ոչ միայն Հայաստանի տնտեսությունը կշահի, այլև սոցիալական լարվածություն չի առաջանա:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1709

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ